Պարտադիր կուտակային հիմնադրամը մեզանից տարեկան կգանձի հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք կկուտակեն անհայտ մի կառույցում, որի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը եւ գումարների հետ ստանալու անմիջական պահանջը բացառվում է: Այ մասին, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա իր հայտարարությունում նաեւ նշել է.

«Հայաստանում գրանցված բոլոր աշխատողները, ծնված 1974 թվականից հետո, 2014 թվականի հունվարի 1-ից պարտավոր են կենսաթոշակային կուտակային հիմնադրամին պարտադիր մուծումներ կատարել իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, իսկ բոլոր նրանք, ովքեր կստանան 500 հազար դրամից ավելի աշխատավարձ, ապա պարտավոր են յուրաքանչյուր ամիս փոխանցել այդ հիմնադրամին 25 հազար դրամ:

Ներկայիս սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում, անորոշ եւ անհասկանալի տնտեսական զարգացման մոդելի եւ ընտրության առջեւ մոլորված  ՀՀԿ-ի կողմից ցանկությունը` ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, ուղղակի նշանակում է թալանել առանց այն էլ ոչ բավարար աշխատավարձեր ստացող շուրջ 250 000 հազար քաղաքացիների, հետեւաբար եւ` նրանց ընտանիքների անդամների:

Ոչ ոք չի մոռացել նախկին ԽՍՀՄ խնայդրամարկղներում ժողովրդի ներդրած ավանդների դառը ճակատագիրը, երբ մեր ժողովուրդը, մտածելով վաղվա օրվա մասին եւ ունենալով հավատ Խորհրդային Միության նկատմամբ, վստահել էր իր խնայած միլիոնավոր ռուբլիները պետական բանկային համակարգին, որոնք այսօր կազմում են միլիոնավոր դոլարներ:

Ակնհայտ է, որ ձեռնարկվել է հերթական դրամաշորթությունը, որը գալիս է լրացնելու մինչ այժմ ընթացող` մեր գրպանները դատարկելու քաղաքականությունը, եւ  որի դեմ  մենք դեռ արդյունավետ եւ սթափեցնող քայլ չենք ձեռնարկել:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածի` «աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»: Այս իրավունքի իրացումը մեր կողմից զանգվածաբար կիրառելու դեպքում կհանգեցնի դրամաշորթության դադարեցմանը եւ գրպանահատներին զերծ կպահի կողոպուտից, որի անվանումն է պարտադիր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ներդրում:

«Ժառանգությունը», գնահատելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը սույն հարցի վերաբերյալ մերժեց նույնիսկ լրացուցիչ քննարկման անցկացումը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում` կոչ է անում բոլոր աշխատողներին նախաձեռնել աշխատանքային կազմակերպչական խմբերի գործունեություն`  համազգային գործադուլ իրականացնելու համար»: