Հայաստանի ու Վրաստանի տարբեր մաքսային ռեժիմները կարող են խնդիրներ առաջացնել երկողմանի առեւտրի համար: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորի միջազգային կապերի հարցերով խորհրդական Վախթանգ Ճարայան:
Մի կողմից հաշվի առնելով Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի հնարավոր վավերականացումն ու մյուս կողմից Հայաստանի որոշումը մուտք գործել Մաքսային Միություն՝ Ճարայան նշել է, որ նման դրությունը կարող հարցականի տակ դնել երկու երկրների միջեւ առանց տուրքերի առեւտուրը: «Առավել եւս, եթե երկու երկրները մաքսային տարբեր գոտիներում են: Այսօր մենք առեւտուրն իրականացնում ենք առանց տուրքերի, սակայն վաղը Վրաստանն այլ տուրքեր կունենա, Հայաստանը մեկ ուրիշ: Իսկ սա կնվազեցնի գործարարների ցանկությունը ապրանքներ ներմուծել»,- նշել է Ճարայան:
Այն հարցին, թե որքան իրական է Վրաստանի անդամակցումը Մաքսային Միությանը, փորձագետն ընդգծել է, որ վրացի ժողովրդի հակվածությունը եվրաինտեգրման հանդեպ բավական ակնհայտ է, ու Ռուսաստանի հետ ինտեգրացման բանակցությունները կարող են միայն արհեստական բնույթ կրել: «Այո, քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: Սակայն վրացի ժողովուրդը բավական պարզորոշ ցույց է տալիս իր դիրքորոշումը ու ձեւավորում է երկրի քաղաքականությունը: Սա կարող է հաստատել այն, որ Սահակաշվիլին չվերընտրվեց, թեեւ նա վերընտրվելու համար բավական ռեսուրսներ ուներ: Սակայն ժողովուրդը ցույց տվեց, որ դա ոչինչ չի փոխում: Իսկ եթե նոր կառավարությունը չընթանա վրացի ժողովրդի ընտրած ճանապարհով, այն նույնպես կհեռանա, կգա նոր կառավարությունը՝ եվրոպական կոչերով:
Այդ պատճառով, եթե անգամ նոր կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցելու փորձեր անի, սա ընդամենը քաղաքական խաղ կլինի, քանի որ արեւմտյան հոսանքն արդեն վառ արտահայտված է ինչպես Վրաստանի քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ»,- նշել է Ճարայան: Նրա կարծիքով՝ տնտեսական տեսանկյունից անիմաստ չունի հրաժարվել եվրաինտեգրացումից ու բարդացնել այն ընկերությունների գործունեությունը, որոնք արդեն կարգավորել են արտահանումը Եվրոպա:





























