ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ն. Տավարացյանի նախագահությամբ նոյեմբերի 21-ին մերժեց հանրային գերակա շահ ճանաչված եւ օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցը, որով բողոքարկվում էր խանութի նկուղի եւ 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում ստանալու՝ «Օլիմպ» Ա/Կ-ի հայցի մերժումը առաջին ատյանի դատարանի կողմից։
Հայցվոր կողմը պահանջում էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի պատասխանողին՝ «Ավո Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, վերոնշյալ տարածքների դիմաց փոխհատուցում վճարել «Օլիմպ» Ա/Կ-ին, որը մինչեւ հիմա փոխհատուցում (207 մլն 282 հազար դրամ) է ստացել միայն առաջին հարկի դիմաց։
Դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ «Օլիմպի» կողմից սեփականության իրավունքը գրանցված չի եղել բոլոր երեք հարկերի համար, այլ միայն մեկ հարկի համար։ Մինչդեռ հայցվոր կողմը պնդում է, որ թեեւ դրանք գրանցված չեն եղել, այդ հարկերը համարվում են գույք, քանի որ տարիներ շարունակ իրենք այդ տարածքների համար գույքահարկ են վճարել։
«Պարզվեց՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը երկար տարիներ հարկեր է վճարել մի գույքի համար, որը գոյություն չի ունեցել»,- լրագրողներին ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը նման դեպքերում միանշանակ փոխհատուցում է տալիս՝ հիմնվելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վրա։
Ըստ փաստաբանի, դատարանը հայցի հիմքերին նույնիսկ չի անդրադարձել. «Առանձին 8-9 տարբեր կետով հիմնավորել էինք: Վերաքննիչ դատարանը էլի չի քննել հիմքերը, այլ արտագրել է առաջին ատյանի դատարանի վճռից: Ինչ-որ բաներ նշել է, որ վերաբերում է գործին, բայց մեր հայցի հետ կապ չունի, և մերժել է հայցը»:
«Օլիմպ» Ա/Կ-ն դիմելու է Վճռաբեկ դատարան, մերժում ստանալու դեպքում՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:





























