Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուրուգվայ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կնպաստի բազմակողմ համագործակցության էլ ավելի խորացմանը: «Ուրուգվայը միշտ Հայաստանի կողքին է, եւ բարեկամ հայ ժողովուրդը մեր սրտերում եւ հոգիներում է»,- ասաց Ուրուգվայի Սենատի նախագահը: Նա բարձր գնահատեց հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին` Դանիլո Աստորին ասաց. «Վստահ եմ, որ ապագա չի կարելի կերտել, եթե չհիշենք անցյալը»:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա կարեւոր է համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, բարեկամական խմբերի փոխգործակցության ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ համարեց առեւտրատնտեսական, զբոսաշրջության, դեղագործության եւ այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն հաստատելը: «Անհերքելի փաստ է, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, սակայն, չպետք է սահմանափակվենք ունեցածով, պետք է մեկտեղենք մեր բոլոր ջանքերը համագործակցության նոր ասպարեզներ գտնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965թ. ճանաչեց Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ նման ոճրագործություններն անտեսելը նպաստում է դրանց կրկնվելուն, քանի որ անտարբերությունը դառը հետեւանքների պատճառ կարող է դառնալ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում, ինչը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը՝ զերծ պահելով տարածաշրջանը ռազմական գործողությունների աղետալի հետեւանքներից: Արձագանքելով ԱԺ նախագահի խոսքին` ՈՒԱՀ փոխնախագահը նշեց, որ Ուրուգվայը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի սկզբունքները, կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների ազատության եւ ազգերի ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: «Պետք է հարգել այդ հողի վրա ապրող ժողովրդի ազատությունը, մշակույթը, սովորույթները»,- հավելել է Դանիլո Աստորին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Դանիլո Աստորիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: ԱԺ նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի շենքում:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հովիկ Աբրահամյանը ջերմ եւ անմիջական զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:





























