«Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցները պահանջում են վերականգնել նոյեմբերի 21-ին լուծարված Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը և ցանկանում են, որ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հրաժարական տա:

Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին ասացին դեպարտամենտի նախկին աշխատակիցներ Վալերի Սարգսյանը և Համբարձում Մելիքյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցները նոյեմբերի 21-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷՑ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռուսաստանցի տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը, քանի որ նա առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու որոշում էր կայացրել փակել Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը:

«Երկուշաբթի առավոտյան հայտնեցին, որ աշխատանքից ազատված ենք։ Մարդիկ անակնկալի եկան. 41 հոգու ազատել մեկ ակնթարթում, դա ուղղակի բարոյալքեց աշխատակիցներին»,-ասաց դեպարտամենտի առաջատար ճարտարապետ Վալերի Սարգսյանը:

Նրա խոսքով, մարդիկ կան, որ 20 տարուց ավելի աշխատել են «Հայաստանի էլեկտրական ցանցերում», կատարել են նաև այլ աշխատանքներ, որոնք նպաստել են կազմակերպության զարգացմանը, և ճիշտ չէր նրանց հետ այդպես վարվել:

Դեպարտամենտի փակումը հիմնավորել են նրանով, որ նոր հաշվիչներ են տեղադրել միջմասնաճյուղային բաժանման կետերում, ինչը նվազեցրել է մարդկային գործոնի անհրաժեշտությունը։ «Մենք չենք ընդունում այս մեկնաբանությունը, քանի որ դեպարտամենտը բազմաթիվ գործառույթներ է իրականացնում, և նման պատճառաբանությունն անիմաստ է»,- ասաց Համբարձում Մելիքյանը։

Աշխատակիցների խոսքով,  Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը սպասարկում է Հայաստանում բոլոր խոշոր էլեկտրաէներգիա սպառողներին և հաշվարկում է նրանց ելքի, մուտքի ծախսերը, ապահովում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը վթարային ռեժիմների ժամանակ, ստուգում հաշվիչ համակարգերը:

«Մենք դեմ չենք, որ կազմակերպությունում բարեփոխումներ լինեն, բայց չենք ուզում, որ մեր իրավունքները ոտնահարվեն»,- ասաց Վալերի Սարգսյանը:

Աշխատակիցներն ասացին, որ չնայած ղեկավարությունն առաջարկել է դեպարտամենտի լուծարումից հետո աշխատակիցներին ցրել այլ ստորաբաժանումներում եւ մի քանի օրից բոլորին անհատական պայմանագրեր ներկայացնել, իրենք չեն հավատում այդ խոստումին, քանի որ 2011թ. նույնպես «ՀԷՑ»-ի մի քանի աշխատակիցների խոստացել էին այլ բաժիններ տեղափոխել, բայց արդյունքում նրաց աշխատանքից ազատել էին։