Փարիզի դատախազությունը շաբաթ գիշերը  «Փարիզյան հրաձիգ» Աբդելհաքիմ Դեքարին պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել`  ֆրանսիական լրատվամիջոցների խմբագրությունների վրա հարձակվելու, ինչպես նաեւ  Societe General բանկի գլխավոր գրասենյակի մոտ կրակոցների համար, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Ըստ դատախազ Ֆրեդերիկ Մոլենի`Դեքարի ԴՆԹ-ն համընկել է հանցագործության վայրից վերցված նմուշներին: Բացի դրանից, քննիչները հայտնաբերել են չարագործի չուղարկված նամակները, որոնցում նա մերժում էր կապիտալիստական համակարգը` դրան մեղադրելով «ֆաշիզմը լրատվամիջոցներ, բանկեր վերադարձնելու խադավանքի մեջ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի առավոտյան անհայտ տղամարդը ներխուժել էր Liberation թերթի խմբագրություն եւ կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, որի հետեւանքով ծանր վիրավորվել էր լուսանկարչի ասիստենտը: Որոշ ժամանակ անց այդ նույն անձը կրակ էր բացել Փարիզի Դեֆանս արվարձանի Societe General բանկի գլխավոր գրասենյակի մոտ: Դրանից հետո չարագործը պատանդ էր վերցրել մի վարորդի եւ վերջինիս մեքենայով ուղեւորվել Ելիսեյան դաշտեր: Հետո պատանդն ազատ էր արձակվել:  Անցյալ ուրբաթ զինված տղամարդը ներխուժել էր BFMTV հեռուստաալիքի գրասենյակ, սակայն չէր կրակել, այլ միայն սպառնացել էր լրագրողներին եւ փախել: