Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը համարում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելը պատմական պահ չէ:
«Իհարկե, ոչ: Այդ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները վարվել են 5 տարի, այն կարող էր ստորագրվել 2010-ին, 2011-ին, 2012-ին, 2013-ին: Եղել են տարբեր պատճառներ, որոնց համաձայն ստորագրումը հետաձգվել է, եւ ոչ-ոք դա սենսացիա չի դարձրել: Այդ դեպքում ո՞րն է պատմականության պահը»,-հայտարարել է Ազարովը «Շուստեր Live» հեռուստաշոուի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ նախկինում համաձայնագրի ստորագրումը հետաձգվում էր ոչ Ուկրաինայի նախաձեռնությամբ, ի տարբերություն վերջին անգամի եւ դրա համար մեր կառավարությունն իր լուրջ պատճառներն ուներ:
Ազարովի խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման հարցին Ուկրաինան կվերադառնա որոշ ժամանակ անց՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելուց հետո: «Ես որեւէ ողբերգություն չեմ տեսնում, եթե մենք կես տարի անց վերադառնանք այդ հարցին»,-ասել է վարչապետը, հաղորդում է Vesti.ua-ն:
Ազարովը կոչ է արել ԵՄ-ին ըմբռնումով մոտենալ Ուկրաինայի տնտեսական դժվարություններին եւ որոշումներ գտնել գազի գնին, Ռուսաստանի հետ առեւտրի խոչընդոտներին վերաբերող հարցերին:




























