Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ի թեման միշտ եղել է կազմակերպության ուշադրության կենտրոնում:
«Ցանկանում եմ ասել, որ նմանատիպ սարսափելի իրավիճակներում որոշ երկրներում հասել ենք նրան, որ մեղավորները ամենաբարձր մակարդակներով կանգնել են եթե ոչ պետական արդարադատության՝ ապա միջազգային տրիբունալների առջեւ: Եվ այս փորձով, որ մենք արդեն ունենք, եկել ենք այստեղ ոչ թե ինչ-որ մարդկանց ձեռք սեղմելու, այլ ցույց տալու այդ փորձը եւ ասելու` ահա թե ինչ ենք մենք պահանջում եւ ինչի ենք հասնում»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է Սուեր Բելասենը՝ հավելելով, որ իրենք 2008-ի մարտից ի վեր 5 անգամ եկել են Հայաստան՝ ամեն անգամ ձգտելով կոնկրետ արդյունքների հասնել:
«Ողջ աշխարհը մեզանից կիմանա, թե ինչ է տեղի ունեցել ձեր զավակների հետ: Կցանկանայի պաշտոնապես ասել, որ 2008-ի մարտից ի վեր այդ թեման երբեք մեր ուշադրությունից դուրս չի մնացել եւ դուրս չի մնա»,- ասել է Բելասենը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունն ուժ կիրառեց նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքող խաղաղ ցուցարարների դեմ, իսկ երեկոյան արդեն հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրեց: Արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:




























