2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի հետեւանքով զոհվածների հարազատները դիմել են դատարան՝ պահանջելով վերացնել քննչական մարմինների անգործությունը: Նրանք իրենց բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել ապրիլի 3-ին։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ զոհերի հարազատների պաշտպան Արտակ Զեյնալյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) անգործությունը վերացնելու դիմում-բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունը մերժել էր դիմումը` այն համարելով անհիմն: Այնինչ պաշտպանները կարծում են, որ դատախազությունը նախաքննության ընթացքում չի դրսեւորել բավարար ջանասիրություն, ինչի հետեւանքով առայսօր որեւէ անձ պատասխանատվության չի ենթարկվել։ Հենց այդ հիմնավորմամբ էլ նրանք դատարանում վիճարկում են նաեւ այս կառույցի անգործությունը:
Պաշտպանների ներկայացմամբ, այդ անգործության հետեւանքով որեւէ դատական ատյան չի հաստատել, որ զոհերի կյանքի իրավունքը խախտվել է հենց պետության կողմից, ինչը պիտի հիմք լիներ համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար:
Իսկ ահա ՀՔԾ-ն համարում է, որ «10 անձանց մահվան հանգամանքները բացահայտելու հիմնական խոչընդոտներից է դեպքերին ականատես վկաների բացակայությունը, ավելի ստույգ` այդ առնչությամբ ճշմարտացի ցուցմունքներ տալու ցանկության բացակայությունը»: Այնինչ զոհերի հազարատները կարծում են, որ եթե որեւէ մեկը փորձի ճշմարտությունը հայտնել իրավապահ մարմիններին, նրան աշխատանքից կազատեն կամ կստիպեն հրաժարվել իր ցուցմունքներից:




























