Տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումները Հայաստանի շահերից չեն բխում: Այդ մասին ապրիլի 12-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ջորջ Մեյսոնի համալսարանում իսլամական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:

«Մենք կտրուկ մերժում ենք 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն դատապարտելը: Մենք կարծում ենք, որ պատմությունը պետք է հետազոտեն եւ գնահատեն պատմաբանները, ոչ թե խորհրդարանները»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան հայտարարել է իր արխիվները բացելու պատրաստակամության մասին եւ կոչ է արել այլ երկրների վարվել նույն կերպ: Նա հիշեցրել է, որ 2005թ, Հայաստանի նախագահին առաջարկել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, «սակայն իրենց այդ նախաձեռնությունը մնացել է անպատասխան»:

Միեւնույն ժամանակ, հայկական կողմը բազմիցս հայտնել է իր դիրքորոշում հանձնաժողովի ստեղծման մասին: Փաստը, որ Էրդողանը Վաշինգտոնում է հիշել այդ մասին, վկայում է, որ թուրքական կառավարության ղեկավարը նոր է հասկացել արձանագրությունների իրական էությունը եւ որոշել է եւս մեկ արկածախնդրություն անել՝ գտնվելով մի երկրում, որն էլ հենց նախաձեռնել է հայ-թուրքական ողջ գործընթացը: