2013թ. եվրոպական ուղղությունը շարունակել է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների շարքում: Հետեւողական   աշխատանքներ են տարվել` նպատակ ունենալով զարգացնել եւ ամրապնդել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունն ու հարաբերությունները եվրոպական երկրների հետ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, 2013 թ. Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվությամբ:

Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ կողմերը ավարտել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ, միաժամանակ ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ Միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նամակներ են փոխանակել, որոնք ուրվագծում են ապագային միտված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության օրակարգը։

 Տարվա ընթացքում շարունակվել է ակտիվ խորհրդարանական համագործակցությունը` երկկողմ եւ բազմակողմ ուղղություններով:

Հունվարին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի նախագահի,  Եվրոպական խորհրդի նախագահի, Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի, Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավարի հետ, ինչպես նաեւ մասնակցել է Եվրախորհրդարանի Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի հիմնադրման արարողությանը:

Փետրվարի 12-ին ԱԳ նախարարը մասնակցել է Թբիլիսիում Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը։

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության ընդլայնված նախարարական հանդիպմանը:

Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ:

Սեպտեմբերի 7-ին  ԱԳ նախարարը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսի, իսկ հոկտեմբերի 8-ին Բրյուսելում՝ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ։

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 14-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Խորհրդում վերահաստատվել է երկկողմ հանձնառությունը` շարունակելու Հայաստանի եւ Եվրոպական Միության ակտիվ համագործակցությունը, որն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը:  

Հուլիսի 10-ին եւ սեպտեմբերի 12-ին Հայաստան է այցելել Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական հանդիպումը, որին ներկա էր նաեւ Շտեֆան Ֆյուլեն: Նույն օրերին զուգահեռաբար տեղի է ունեցել նաեւ Արեւելյան գործընկերության կրթության նախարարների hանդիպումը, որին  մասնակցեց նաեւ կրթության եւ մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն:

Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից է հանդիսացել շարժունակության խթանումը: 2013 թ. վավերացվել են Հայաստան–ԵՄ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թ. հունվարի 1-ից: Վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է պարզեցված ընթացակարգ Շենգենյան գոտու երկրներ մուտք գործելու համար, նվազեցվել է մուտքի արտոնագրի արժեքը, մի շարք կատեգորիաների համար հաստատվել է մուտքի արտոնագրի անվճար տրամադրում։ Շարժունակության շուրջ հետագա երկխոսությունը միտված է լինելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը:

Հունվարից Հայաստանի կառավարության որոշմամբ ԵՄ քաղաքացիները ազատվել են Հայաստանի մուտքի արտոնագրի պահանջից։

Եվրոպական Միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով  2013 թ. Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից վավերացվել է Շրջանակային համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին։