Սյունիքի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի վարպետը փետրվարի 19-ին Կապանի Մինաս Պապյան փողոցում գտնվող ձորակն է մտել՝ գազատարի փականը ստուգելու եւ սարսափահար է եղել։ Նրա բարձրացրած աղմուկից հավաքված բնակիչները ձորում հայտնաբերել են ավելի քան երկու ամիս կորած համարվող Պավլուշա Սարգսյանի դին։ 80-ամյա տղամարդը, որը հիշողության խնդիրներ ուներ, դեկտեմբերի 6-ի կեսգիշերին տնից դուրս էր եկել եւ անհետացել։
«Որտեղ ասես, որ չփնտրեցին խեղճ մարդուն, թե հարազատները, թե փրկարարները, թե մենք բոլորս, ամբողջ քաղաքի տարածքը սանրեցինք, չկար, դու մի ասա, հենց մեր բակում է եղել»,- NEWS.am-ին ասաց հարեւանուհիներից մեկը։
Բնակիչները զարմացած են, թե այդքան ժամանակ ինչպես ոչ ոք չի նկատել նրան ամեն օր կամրջով անցնելիս։ Ի դեպ, հենց այդ կամրջից էլ, ամենայն հավանականությամբ, ձմեռային ցուրտ օրերին սայթաքել ու ձորն է ընկել Պավլուշա Սարգսյանը։
«Ասում են՝ շատ խորը հատվածում է եղել։ Ախր մեր երեխաներն ամեն օր խաղում են այդ հատվածում, մանկապարտեզի պատշգամբն էլ հենց այդ ուղղությամբ է նայում, բայց փառք Աստծո, փոքրիկները ոչինչ չեն նկատել»,-ասաց նույն շենքի բնակչուհի տիկին Նաիրան։
Պավլուշա Սարգսյանի հարազատները արդեն դադարեցրել էին որոնումները։

Մարգարիտա Մանուկյան



























