ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում` պարզելու արդյո՞ք Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել:
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաև այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար մրցույթը շահել է «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ն, իսկ 2009 թվականին` «Տրի Գրեն» ՍՊԸ-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, 2006-2008 թթ. «Ուայդ Գեյթ» ընկերությանը փուլ առ փուլ փոխանցվել է 151,4 միլիոն դրամ:
Բացի այդ, նույն նպատակով, «Պետական գնումների գործակալություն»-ը 2009-ին պայմանագրեր է կնքվել նաեւ «Տրի Գրեն» ՍՊԸ-ի հետ, իսկ Բնապահպանության նախարարությունը` «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊԸ-ի հետ, որոնց հիման վրա այդ ընկերություններին է փոխանցվել ընդհանուր 253,31 միլիոն դրամ:
Նկատի ունենալով, որ «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» ու «Հ. Էլոյան և որդիներ» ընկերությունների կատարած աշխատանքների, 2006-2009թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային օգտագործման ճշտության ստուգման համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում` կատարումը հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետներին:
Մասնագետների առջեւ խնդիր է դրվել պարզել, թե արդյոք վերոնշյալ պայմանագրերում և կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները համապատասխանում են փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, թե` ոչ: Եթե ոչ, ապա գումարային առումով որքան գումարի աշխատանքներ չեն կատարվել: Պայմանագրերով նախատեսված աշխատանքների դիմաց գումարները վճարվել են ամբողջությա՞մբ, թե`ոչ:
Ստուգումներն իրականացնելու համար տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության և «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ից ներկայացված «Ուայդ Գեյթ», «Հ. Էլոյան և որդիներ» ու «Տրի Գրեն» ՍՊ ընկերությունների հետ կնքված պայմանագրերի, դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ փաստաթղթերի և համապատասխան տարածքների քարտեզների պատճենները:




























