Մոնակոյի իշխան Ալբեր II-ի ազգական Անտուան դը Մասսին հայտնաբերվել է մահացած իշխանության տարածքում գտնվող մի պուրակում, հայտնում է Monaco Matin-ը։

Դը Մասսին 29 տարեկան էր։ Նա բարոն Քրիստիան դը Մասսիի և Սեսիլ Ժելաբալի որդին էր, արքայադուստր Անտուանետի՝ իշխան Ռենյե III-ի ավագ քրոջ թոռը, ինչպես նաև Մոնակոյի ներկայիս իշխանի զարմիկի որդին։

Կիրակի նա չի եկել ընտանեկան ճաշին, ինչից հետո նրա ազգականներից մեկը դիմել է ոստիկանություն։ Մի քանի ժամ անց տղամարդու մարմինը գտել են Լարվոտտո բուլվարի երկայնքով գտնվող կանաչ գոտում։

Մոնակոյի գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել մահվան պատճառը պարզելու համար։

Գործի շրջանակում ձերբակալվել է մի մարդ, ում տեսահսկման տեսախցիկները ֆիքսել էին դեպքի վայրից ոչ հեռու։ Այժմ նրան հարցաքննում են, սակայն, ինչպես նշում է պարբերականը, ձերբակալվածը գործով կարող է անցնել միայն որպես վկա։