Ղրղզստանում ձերբակալվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի աշխատակազմի նախկին ղեկավար Կանիբեկ Ժորոեւը: Ըստ «Ռիա Նովոստիի», Ժորոեւը ինքնակամ ներկայացել է վկայություններ տալու եւ օգնելու հետաքննությանը՝ ապրիլյան դեպքերի գործով, որտեղ զանգվածային հուզումների ժամանակ զոհվել է ավելի քան 80 մարդ: Ժորոեւին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքը ներկայացվել է նաեւ երկրի ՆԳ նախկին նախարար Մոլդոմուս Կոնգանտիեւին, որին Ռուսաստանի իշխանությունները հանձնել են Ղրղզստանի ժամանակավոր կառավարությանը: Իր հերթին, ինքը Բակիեւը, ով այս պահին գտնվում է Մինսկում, մեղադրվել է զանգվածային սպանությունների մեջ: Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը դեկրետ է ընդունել Բակիեւին իշխանությունից հեռացնելու եւ նախագահական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի իշխանությունների կողմից ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները սկիզբ դրեցին զանգվածային հուզումների, որոնց արդյունքում ապրիլի 7-ին ընդդիմության կողմնակիցների եւ իշխանության միջեւ բախումներ տեղի ունեցան Բիշքեկում: Ընդդիմության կողմնակիցները գրոհով վերցրեցին պետական իշխանության բոլոր հաստատություններն ու հեռուստատեսությունը: Անկարգությունների արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեց 84 մարդ, եւս 567-ը վիրավորվեցին: Նախագահ Բակիեւը փախավ Ղրղզստանից եւ իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարության ձեռքը, որը գլխավորեց Ռոզա Օթունբաեւան: