Мոսկվայի բորսայում ապրիլի 28-ին ռուսական ռուբլու հերթական անկումն է գրանցվել:  ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը աճել է 9,56 կոպեկով՝ 36,0245 ռուբլի:

Ռուսաստանցի փորձագետները ռուբլու կտրուկ թուլացումը կապում են Ուկրաինայի դեպքերի հետ: Ըստ նրանց՝ վերջին ժամանակներս երկրից կապիտալի փախուստը հանգեցրել է դոլարի եւ մասամբ եվրոյի պահանջարկի աճին: ՌԴ ֆինանսների նախարարությունը կապիտալի արտահոսքը տարեկան պլանում գնահատել է 70-80 մլրդ դոլար, տնտեսական զարգացման նախարարությունը՝ 100 մլրդ դոլար: Անկախ փորձագետներն ավելի բարձր ցուցանիշներ են նշում:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ կապիտալի արտահոսքը շատ առումներով հիշեցնում է  2008թ. IV եռամսյակի վիճակը, երբ դոլարի փոխարժեքը հասել էր  27,26 ռուբլու՝ նախորդ եռամսյակի 24,24 ռուբլու փոխարեն:  Ռուսաստանում այն ժամանակվա ճգնաժամը Հայաստանում 2009թ. ռուսական դրամական փոխանցումների կտրուկ անկման հանգեցրեց՝ բացասաբար անդրադառնալով մեր տնտեսության վրա:

Տարբեր տեսակետներ կան երկրի տնտեսության վրա արտաքին դրամական փոխանցումների ազդեցության վերաբերյալ: Մի կողմից պնդում են, որ փոխանցված յուրաքանչյուր հավելյալ դոլարի դիմաց երկրի ՀՆԱ-ն երկարաժամկետ հեռանկարում աճում է 0,2 դոլարով:

Մյուս կողմից, հաշվի առնելով, որ փոխանցումների հիմնական մասը ծախսվում է ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու վրա, այդ ազդեցությունն այնքան էլ ուժեղ չէ: Այլ հարց է, եթե տնային տնտեսություններն այդ ստացված գումարները ծախսեին, ասենք, անշարժ գույք ձեռք բերելու համար, որը դրական կարտահայտվեր ՀՆԱ-ի աճի վրա: 

Բայց քանի որ մեզ մոտ փոխանցումներն ստացողները հիմնականում «աղքատ» են, այդ գումարների առյուծի բաժինը  ծախսվում է ընթացիկ նպատակների վրա: Սակայն, անկախ ծախսերի ուղղվածությունից, անհատական փոխանցումները հիմնականում կանխորոշում են մեր տնտեսության զարգացումը: Եվ շատերը հարց են տալիս` ի՞նչ կարելի է սպասել այդ բնագավառում:

Ըստ ռուսական պետական գերատեսչությունների` փետրվարին տնտեսության մի շարք ոլորտներ լավ ցուցանիշներ են ունեցել, բացառությամբ` արտաքին առեւտրի շրջանառության, սննդամթերքի, տեքստիլի եւ հագուստի արտադրության: Շինարարությունում նույնպես աճ է գրանցվել: 

Սակայն Ռուսաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ կանխատեսումներն այնքան էլ ուրախալի չեն: Շատերը կարծում են, որ ընթացիկ եռամսյակում երկրի տնտեսությանը ճգնաժամ է սպառնում: Ռուսաստանի համար ծագում են մի շարք խնդիրներ` Արեւմուտքի  տնտեսական պատժամիջոցների, նավթի համաշխարհային գների հնարավոր անկման պատճառով: Այդ պայմաններում չի բացառվում զբաղվածության կրճատումը, աշխատավարձերի աճի սառեցումը կամ դանդաղումը: 

Այդպիսով, Հայաստան «ռուսական» փոխանցումների հոսքի վրա կազդի միանգամից երկու հիմնական գործոն:  Դրանցից մեկը կապված է Ռուսաստանի տնտեսության ընդհանուր վիճակի հետ (այդ թվում նաեւ` ռուբլու փոխարժեքի), երկրորդը` աշխատանքային միգրանտների համար օրենքների խստացման հետ: