Չինական Pallas-1 Y1 (Zhishenxing-1 Y1) կրող հրթիռը, որը մշակվել է Galactic Energy ընկերության կողմից, երեքշաբթի հաջողությամբ իրականացրել է փորձնական թռիչք, հայտնել է CCTV հեռուստաալիքը։
Արձակումն իրականացվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցուան տիեզերակայանի մերձակայքում՝ Դունֆենի առևտրային տիեզերական նորարարությունների գոտու մեկնարկային հարթակից, Պեկինի ժամանակով ժամը 10:00-ին։ Կրող հրթիռը, որն օգտակար բեռ չէր տեղափոխում, ամբողջ թռիչքի ընթացքում գործել է նորմալ ռեժիմով։ Փորձարկման բոլոր առաջադրված նպատակները կատարվել են։
Չինական միջին դասի երկաստիճան Pallas-1 կրող հրթիռը կարող է ցածր երկրային ուղեծիր դուրս բերել 7 տոննա օգտակար բեռ և 3 տոննա՝ արևասինքրոն ուղեծիր։ Նախատեսվում է, որ կրող հատվածի առաջին աստիճանը կլինի բազմակի օգտագործման։



























