ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։
«Մեր կատարած քայլերի մեծ մասն իրականում ուղղված է Հորմուզի նեղուցում անխափան նավագնացության ապահովմանը», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։
Նա նշել է, որ կիրակի օրը Լարկ կղզում գտնվող թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ խոչընդոտելու Իրանին նեղուցում ականներ տեղադրելուն։
«Անցած գիշեր, իհարկե, հարվածներ են հասցվել, և մենք պատասխանել ենք իրանցիների գործողություններին, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքում (CENTCOM) ներկայացուցչին, հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը հարված են հասցրել Լարկ կղզում գտնվող իրանական ռազմական թիրախներին՝ Հորմուզի նեղուցի ականապատման փորձը կանխելու համար։





























