Կինը Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքուերում, վիրավորել է երկու մարդու, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները նրան գնդակահարել են, գրել են ամերիկյան լրատվամիջոցները։

Նյու Յորքի ոստիկանության վարչության տվյալներով՝ Քուինսի 49-ամյա բնակչուհին պայուսակից հանել է երկու խոհանոցային դանակ և հարվածել 68-ամյա տղամարդուն, որը դուրս էր եկել մետրոյից և կնոջ հետ սպասում էր փողոցն անցնելու հնարավորությանը։ Մի քանի վայրկյան անց կինը վիրավորել է 32-ամյա մի կնոջ։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են. կինը մահացել է, տղամարդը գտնվում է կայուն վիճակում։

Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի մոտ՝ One Times Square շենքի հարևանությամբ, որը քաղաքի ամենաշատ այցելվող և վերահսկվող կետերից մեկն է, հաղորդել է AP-ը։ Ականատեսների տեսանյութերում երևում է, որ հարձակվողի շուրջ հավաքվել էին մոտ տասը ոստիկաններ։ Ոստիկանությունը մի քանի րոպե փորձել է համոզել նրան նետել դանակները, ապա կիրառել է էլեկտրաշոկեր, որն ազդեցություն չի ունեցել։ Կինը, դանակները թափահարելով, շարժվել է դեպի աշխատակիցները, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել։

Ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը հայտնել է, որ կնոջ մոտ նախկինում արձանագրվել էին հոգեկան խանգարման դրվագներ, սակայն ձերբակալություններ չեն եղել։ Ահաբեկչական դրդապատճառի նշաններ չեն հայտնաբերվել։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել է, որ քաղաքը աջակցություն կցուցաբերի տուժածների ընտանիքներին։