Սեպտեմբերի 1-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային գրոհ են իրականացրել Լենինգրադի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա տվյալներով՝ ընդամենը չորս ժամվա ընթացքում, որքան տևել է գրոհը, մարզի երկնքում խոցվել է 52 անօդաչու։ «Ուստ-Լուգայի նավահանգստային գոտում վնասներ են արձանագրվել, հրդեհ է սկսվել։ Արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում։ Հետևանքների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է», — գրել է Դրոզդենկոն իր թելեգրամ-ալիքում։
Մինչ այդ Ուստ-Լուգան՝ Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստը և մեծությամբ երկրորդը երկրում՝ սևծովյան Նովոռոսիյսկից հետո, հարձակման էր ենթարկվել օգոստոսի 14-ին։ Նավահանգիստը կարևոր նշանակություն ունի նավթի, նավթայի, մազութի, ավիակերոսինի և գազօյլի արտահանման համար։ Reuters-ի տվյալներով՝ 2025 թվականին նավահանգստով նավթի արտահանումը կազմել է օրական մոտ 700 հազար բարել, նավթամթերքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 32,8 մլն տոննա։ Ընդ որում, Սև և Ազովի ծովերի ռուսական նավահանգիստների նկատմամբ ուկրաինական հարվածներից հետո հացահատիկ վաճառողները սկսել են մատակարարումները տեղափոխել Բալթիկա, այդ թվում՝ Ուստ-Լուգա։
Լենինգրադի մարզի վրա անօդաչուների գրոհի ֆոնին Էստոնիան օդ է բարձրացրել ՆԱՏՕ կործանիչներ։ Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հայտնել է, որ մի քանի անօդաչուներ ներխուժել են երկրի օդային տարածք։ Դրա պատճառով սահմանամերձ շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։
Բացի այդ, այս գիշեր անօդաչուները հարձակվել են նաև Սամարայի մարզի վրա։ «Այս պահին վնասներ կան քաղաքացիական օբյեկտներում։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան», — հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Թե կոնկրետ որ օբյեկտներն են վնասվել՝ նա չի նշել։ Տեղական թելեգրամ-ալիքների տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել Տոլյատին և Նովոկույբիշևսկը։ Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ և Exilenova+ ալիքները հրապարակել են Նովոկույբիշևսկում հարձակման հետևանքով վնասված բազմահարկ շենքի լուսանկարները։





























