Իրանը պաշտոնապես պահանջել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ ձեռնարկի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ռազմական հարված է հասցրել Պարսից ծոցում գտնվող Լարք կղզուն, հայտնում է Press TV հեռուստաալիքը։

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված նամակում ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին ԱՄՆ-ի գործողությունները անվանել է Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։

Դարզին հայտարարել է, որ Թեհրանը «վճռականորեն դատապարտում է ագրեսիայի այս անօրինական ակտը»։

Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը, իրացնելով ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, պաշտպանական և համաչափ հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, որոնք օգտագործվել են Վաշինգտոնի կողմից իրականացվող «հանցավոր հարձակումների և ագրեսիայի» համար։

Նամակում նշվում է, որ Լարք կղզուն հասցված հարվածը եղել է թշնամական գործողությունների ավելի լայնածավալ արշավի մի մասը, որը սկսվել է փետրվարի 28-ին։

Դարզին ԱՄՆ-ի գործողությունները հավասարեցրել է պետական ահաբեկչությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դրանց համար կրում են միջազգային պատասխանատվություն, իսկ այն անձինք, որոնք տվել են հարձակման հրամանը, ղեկավարել են այն կամ մասնակցել դրան, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։

Թեհրանը նաև պատասխանատվության ենթարկել է կոչ անում ցանկացած կողմի, որը օգնում է, աջակցում է, սատարում է կամ մասնակցում է նման ագրեսիայի նախապատրաստմանը կամ իրականացմանը։

Դարզին ընդգծել է, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ու ծովային անվտանգության համար սպառնալիքի միակ աղբյուրը ԱՄՆ-ն և Իսրայելն են։

Նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանի ինքնիշխանության խախտման խնդիրը լուծելու, ուժի անօրինական կիրառման համար պատասխանատվություն ապահովելու և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան կանխելու համար։

Իրանը նախազգուշացրել է, որ ցանկացած թշնամական գործողություն կարժանանա վճռական պատասխանի։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը առանց վարանելու կօգտվեն ինքնապաշտպանության անքակտելի իրավունքից և վճռական ու համաչափ պատասխան կտան ցանկացած ռազմական ագրեսիային», - Դարզիի խոսքերն է մեջբերում Press TV-ն։

Իրանը պահանջել է, որ նամակը հրապարակվի և տարածվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, նշում է հեռուստաալիքը։