Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը շվեյցարացի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Շվեյցարիայում կազմակերպելու համար, ինչպես նաեւ իր անհանգստությունը հայտնել Շվեյցարիայում ցեղասպանությունը մերժողների հանդեպ դատական պատասխանատվության ենթարկելու փաստի կապակցությամբ:
Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ` Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Էրիկա Ֆորստեր Վաննինին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ: Մեհմեդ Ալի Շահինը հանդիպմանը շնորհակալություն է հայտնել շվեցարական խորհրդարանի նախագահին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու եւ արձանագրությունների ստորագրումը Շվեյցարիայում անցկացնելու համար: Մեհմեդ Ալի Շահինը միաժամանակ իր անհանգստությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ շվեցարական օրենքներով ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է: Հանդիպմանը ներկա ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Քելեշը փորձել է շվեյցարացի հյուրերին համոզել, թե ոչ մի ցեղասպանություն չի եղել, այլ հայերը աջակցել են ռուսական զորքերին, ինչի համար կազմակերպվել է տեղահանում, որի ընթացքում զոհեր են եղել:




























