Հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Տոնը 1995թ․ հիմնել են ֆրանսիացիները, հաղորդում է «Իրադարձությունների օրացույցը»
Կարծիք կա, որ շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկները: Շոկոլադ բառը ծագում է xocoatl բառից, որը Մայա ցեղերի լեզվով նշանակում է դառը ջուր: Այն եղել է խիտ, դառը ըմպելիք եւ համարվել է առողջարար նյութ: Ացտեկները շոկոլադն անվանում էին «աստվածների կերակուր»: Ավելի ուշ քացրավենիքի այս տեսակը Եվրոպա ներմուծած իսպանացիներն այն անվանում էին «սեւ ոսկի» եւ օգտագործում ֆիզիկական ուժերն ամրապնդելու եւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Միջնադարյան Եվրոպայում շոկոլադը «շրջանառվում էր» միայն ազնվականության շրջանում: Եվրոպացի բարձրաշխարհիկ կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: Հայտնի է, որ տիկ. Պոմպադուրը համարում էր, որ միայն շոկոլադը կարող է իսկական կիրք առաջացնել:
Միայն 20-րդ դարասկզբին սկիզբ դրվեց շոկոլադի արդյունաբերական արտադրությանը, ինչի շնորհիվ շոկոլադ կարող էին վայելել ոչ միայն ազնվական խավի մարդիկ:
Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ շոկոլադն ունի հանգստին ու հոգեբանական վերականգնմանը նպաստող բաղադրիչներ: Շոկոլադի մուգ տեսակը նպաստում է էնդորֆինների՝ «երջանկության հորմոնների» արտանետմանը, որոնք ներազդում են ուղեղի հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում են տրամադրությունն ու պահպանում օրգանիզմի բարձր տոնուսը:
Կա նաև տեսություն, ըստ որի՝ շոկոլադն ունի հակաքաղցկեղային հատկություն եւ դանդաղեցնում է ծերացումը:
Սակայն մեկ հարցում գիտնականները միակարծիք են. շոկոլադը չի նպաստում մարմնի քաշի նվազեցմանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով եւ ճարպերով, հետեւաբար նաեւ՝ կալորիաներով:
Ավելացնենք, որ 2010թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գինեսի ռեկորդ էր գրանցվել: «Գրանդ Քենդի» ձեռնարկությունը 4 տոննա 410 կգ կշռող շոկոլադե սալիկ էր պատրաստել: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ էր, երկարությունը՝ 5600 մմ, իսկ հաստությունը՝ 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատրաստվել էր 4 օրվա ընթացքում, Աֆրիկայից բերված բնական կակաոյից:




























