Օտար լեզվով անկեղծորեն ներողություն խնդրելը կարող է ավելի դժվար լինել, քան պարզապես ճիշտ բառեր ընտրելը. լեզուն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մարդն արտահայտում պատասխանատվությունը, մեղքը և ամոթը, հատկապես ավելի բարձր կարգավիճակ ունեցող զրուցակցի հետ շփվելիս։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են կորեերեն և իսպաներեն լեզուների կրողների ներողությունների առանձնահատկությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակել է The Conversation պարբերականը։
Գիտնականները նշում են, որ ներողությունը միայն սխալի ընդունումը չէ։ Այն արտացոլում է պատասխանատվության, սոցիալական նորմերի և մարդկանց միջև հարաբերությունների մասին մարդու պատկերացումները։ Ընդ որում, ներողություն խնդրելու կանոնները տարբերվում են՝ կախված մշակույթից, զրուցակիցների մտերմության աստիճանից, նրանց սոցիալական կարգավիճակից և արարքի լրջությունից։
Հետազոտությանը մասնակցել է 115 մարդ՝ կորեերենի կրողներ, որոնք սովորում էին իսպաներեն, և իսպաներենի կրողներ, որոնք սովորում էին կորեերեն։ Բոլոր մասնակիցները երկրորդ լեզվին տիրապետում էին առնվազն միջին մակարդակով, և շատերն ապրում էին նաև Իսպանիայում կամ Հարավային Կորեայում։
Կամավորներին առաջարկվել է համալսարանական կյանքից 12 իրավիճակ, որոնք պահանջում էին ներողություն. օրինակ՝ բաց թողնված խորհրդատվություն, կորցրած գիրք կամ մեկ այլ ուսանողի խոսքը կտրելը։ Սցենարները տարբերվում էին սոցիալական հեռավորության աստիճանով և կարգավիճակի տարբերությամբ՝ մտերիմ համակուրսեցուց ներողություն խնդրելուց մինչև պրոֆեսորին դիմելը։
Մասնակիցները առաջադրանքները կատարում էին կամ մայրենի, կամ երկրորդ լեզվով։ Յուրաքանչյուր պատասխանից հետո նրանք տաս բալից բաղկացած սանդղակով գնահատում էին, թե որքան ուժեղ կլինեին իրենց մեղքի և ամոթի զգացումները։ Հետազոտողները նաև վերլուծել են գրեթե 3 հազար ներողության ռազմավարությունները։
Պարզվել է, որ կորեերենի և իսպաներենի կրողները տարբեր կերպ են արտահայտում պատասխանատվությունը։ Կորեացիներն ավելի հաճախ ուղիղ ընդունում են իրենց մեղքը՝ օգտագործելով «սա իմ սխալն էր» տիպի ձևակերպումներ, իսկ երբեմն դիմում էին ավելի կոշտ ինքնաքննադատության։ Իսպանախոս մասնակիցներն ավելի հաճախ բացատրում էին տեղի ունեցածի հանգամանքները, ընդգծում արարքի ոչ դիտավորյալ լինելը կամ օգտագործում էին անանձնային կառուցվածքներ, օրինակ՝ se me olvidó — «դա պարզապես դուրս թռավ իմ գլխից»։
Գիտնականների կարծիքով՝ սա չի նշանակում, թե մի մշակույթի ներկայացուցիչներն ավելի անկեղծ են ներողություն խնդրում, քան մյուսները։ Տարբերվում է սոցիալական հարաբերությունները վերականգնելու հենց ձևը. իսպանական մշակույթում ավելի մեծ դեր կարող է ունենալ հանգամանքների բացատրությունն ու մի տեսակ բանակցությունը, մինչդեռ կորեականում՝ մեղքի ավելի ուղիղ ընդունումը, հատկապես ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդու հետ շփվելիս։
Հետազոտությունը նաև կասկածի տակ է դրել այն տարածված պատկերացումը, թե օտար լեզվով մարդը զգացմունքներն ավելի թույլ է ապրում։ Մասնակիցները, ընդհանուր առմամբ, մեղքի և ամոթի համադրելի զգացումներ են ապրել՝ անկախ լեզվից։
Սակայն նկատելի տարբերություն է ի հայտ եկել նաև սոցիալական հիերարխիայի հետ կապված իրավիճակներում։ Երբ մասնակիցները ստիպված էին ներողություն խնդրել ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդուց, օրինակ՝ պրոֆեսորից, մեղքի և ամոթի զգացումը ավելի ուժեղ էր մայրենի լեզուն օգտագործելիս։ Հետազոտողները ենթադրել են, որ հեղինակության, պատասխանատվության և սոցիալական նորմերի հուզական ընկալումը կարող է ավելի խոր կապ ունենալ մանկության տարիներին յուրացված լեզվի հետ։
Աշխատության հեղինակները կարծում են, որ օտար լեզվի ուսուցումը պետք է ներառի ոչ միայն քերականություն և բառապաշար, այլև այսպես կոչված միջմշակութային պրագմատիկա՝ հասկանալ, թե ինչ ասել կոնկրետ իրավիճակում, ինչպես ձևակերպել դա և ինչ հուզական երանգ հաղորդել բառերին։
Սա հատկապես կարևոր է միջազգային ընկերություններում, համալսարաններում և առցանց հաղորդակցությունում։ Արտահայտությունը, որը մայրենի լեզվով ընկալվում է որպես անկեղծ ու պատասխանատու ներողություն, մեկ այլ լեզվով զրուցակցին կարող է թվալ սառը, չափազանց հուզական կամ, հակառակը, պատասխանատվությունից խուսափելու փորձ։





























