Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպվող «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի շրջանակում, ՀՀ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է Դատախաղ-մրցույթի խնդիրը, կիրառելի հիմնական իրավական աղբյուրների շրջանակը, գրավոր աշխատանքների ձևանմուշը, ինչպես նաև՝ դատախաղի փոփոխված ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին:

Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել 2026 թվականի սեպտեմբերի 16-ը:

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է 15 հայտ:

Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկել իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։

Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։

Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայցվորի և Պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։

Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։