Ավստրալիայի հարավում գտնվող հսկայական Նալարբորի հարթավայրը թվում է գրեթե կատարյալ հարթ և անշունչ։ Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ դրա մակերևույթի տակ թաքնված են երկարաձիգ քարանձավային համակարգեր, որոնց հետքերը կարելի է նկատել լանդշաֆտի հազիվ նշմարելի փոսորակների միջոցով։ Դրանց հայտնաբերման նոր մեթոդը կարող է օգտակար լինել ոչ միայն Երկրի վրա, այլև Մարսում քարանձավներ որոնելիս։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Earth & Environment ամսագրում։

Նալարբորը զբաղեցնում է ավելի քան 200 հազար քառ. կմ տարածք և աշխարհում կրաքարից կազմված խոշորագույն շրջաններից մեկն է։ Այն ձևավորվել է հնագույն ծանծաղ ծովի նահանջից հետո՝ մոտ 14 միլիոն տարի առաջ։ Միլիոնավոր տարիների ընթացքում ջուրն աստիճանաբար լուծել է կրաքարը՝ ստեղծելով բարդ քարանձավային համակարգեր, որոնցից որոշները գետնի տակ ձգվում են կիլոմետրերով։

Այս ստորգետնյա կառուցվածքների մեծ մասը մնում է քիչ ուսումնասիրված․ քարանձավ սովորաբար հնարավոր է հայտնաբերել միայն այն տեղերում, որտեղ այն դուրս է գալիս մակերես։

Գիտնականներն ուշադրություն են դարձրել հենց հարթավայրում առկա անսովոր կառուցվածքներին՝ մինչև 20 կմ երկարությամբ երկար, ոչ խոր ակոսների։ Դրանք հիմնականում ձգվում են հյուսիսից հարավ և հիշեցնում են հարթ հատակով գետահովիտներ։ Սակայն հետազոտողները չեն հայտնաբերել որևէ նշան, որն ապացուցեր, որ դրանք ձևավորել են գետերը։

Ակոսները հանկարծ սկսվում և ավարտվում են, չեն միանում գոյություն ունեցող գետային համակարգերին և չունեն գետահովիտներին բնորոշ ճյուղավորում։ Դրանց ներսում գտնվող նստվածքային ապարներն էլ չեն վկայում հոսող ջրի երկարատև ազդեցության մասին։

Այս կառուցվածքների ծագումը պարզելու համար հետազոտողները օգտագործել են աերոլուսանկարահանում և դրոններով արված լուսանկարներ, արբանյակային թվային ռելիեֆային մոդելներ, հորատման տվյալներ և քարանձավների ուսումնասիրություններ։ Բացի այդ, նրանք կիրառել են երկրաֆիզիկական մեթոդներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել մակերևույթի տակ գտնվող երկրաբանական ապարների կառուցվածքը։

Պարզվել է, որ ոչ խոր ակոսները գտնվում են քայքայված ապարների խորը գոտիների վերևում։ Որոշ տեղերում դրանք համընկնում են արդեն հայտնի քարանձավների և կարստային փլվածքների հետ։

Հետազոտողների կարծիքով, այս կառուցվածքները ստորգետնյա թաքնված քարանձավային համակարգերի յուրօրինակ մակերևութային հետքեր են։ Միլիոնավոր տարիների ընթացքում ստորգետնյա խոռոչները աստիճանաբար ընդարձակվում և քայքայվում են, իսկ խախտված ապարների գոտիները կարծես «բարձրանում» են վերև՝ վերադիր կրաքարային շերտերի միջով։ Արդյունքում մակերեսին ձևավորվում են հազիվ նկատելի փոսորակներ։

Այս բացահայտումը կարող է փոխել այլ տարածաշրջաններում քարանձավների որոնման մոտեցումը։ Ջրով ապարների լուծումից ձևավորված կարստային լանդշաֆտները զբաղեցնում են Երկրի սառույցից ազատ մակերևույթի մոտ 15%-ը և ջրով ապահովում են մոլորակի բնակչության 10-ից 25%-ին։

Քարանձավները կարևոր են ոչ միայն որպես ստորգետնյա ջրերի հնարավոր աղբյուրներ։ Մթնոլորտային ազդեցություններից և էրոզիայից պաշտպանված լինելու շնորհիվ դրանք կարող են պահպանել հին էկոհամակարգերի և շրջակա միջավայրի փոփոխությունների հետքերը։ Բացի այդ, մեկուսացված ստորգետնյա համակարգերում բնակվում են քիչ ուսումնասիրված օրգանիզմներ, որոնք հարմարվել են անսովոր պայմաններում կյանքին։

Հետազոտողները կարծում են, որ իրենց մեթոդը կարող է օգտակար լինել նաև Երկրի սահմաններից դուրս։ Քարանձավները պաշտպանված են տիեզերական ճառագայթումից և այդ պատճառով դիտարկվում են որպես կյանքի հետքեր որոնելու և ապագա մարդկային բազաների համար հնարավոր վայրեր։

Մարսի մակերևույթի վրա արդեն հայտնաբերվել են բազմաթիվ կառուցվածքներ, որոնք կարող են կապված լինել ստորգետնյա խոռոչների հետ։ Նալարբորը հատկապես հարմար մոդել է դրանց որոնման համար․ Ավստրալիայի չոր և համեմատաբար կայուն մակերեսը թույլ է տալիս ուսումնասիրել, թե ինչպիսի աննշան հետքեր են թողնում թաքնված քարանձավները այնտեղ, որտեղ ջրի ժամանակակից շրջանառությունը գործնականում բացակայում է։

Հետազոտողները ենթադրում են, որ նմանատիպ հազիվ նկատելի ռելիեֆային ձևերը կարող են մատնանշել թաքնված քարանձավային համակարգեր նաև Երկրի այլ վայրերում, հնարավոր է՝ նաև այլ մոլորակների վրա։