Սեուլի ազգային գիտության և տեխնոլոգիաների համալսարանի (SeoulTech) գիտնականները պարզել են, որ YouTube-ում սպորտային հոլովակների դիտումը չի բարձրացնում դիտողների ֆիզիկական ակտիվությունը։ Performance Enhancement & Health-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ուսանողները, որոնք պարբերաբար դիտում են նման բովանդակություն, իրական կյանքում չեն սկսում զբաղվել սպորտով։

Աշխատանքի ընթացքում պրոֆեսոր Յոնհո Կիմը և նրա գործընկեր Դո Ջին Անը հարցում են անցկացրել 20-ից 29 տարեկան ուսանողների շրջանում, որոնք փորձ ունեցել են հանրահայտ վիդեոհոսթինգում սպորտային բովանդակություն դիտելու։ Մասնակիցները հինգբալանոց սանդղակով գնահատել են տեսանյութեր դիտելու իրենց մոտիվացիան, որտեղ մեկ միավորը նշանակում էր «ընդհանրապես ոչ», իսկ հինգը՝ «շատ ուժեղ»։ Հարցվածները նաև հայտնել են, թե շաբաթվա ընթացքում որքան հաճախ են առնվազն 15 րոպե տևողությամբ մեկ մարզման ընթացքում զբաղվում ինտենսիվ, չափավոր կամ թեթև ֆիզիկական ակտիվությամբ։

Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք ավելի բարձր մոտիվացիա ունեն նման հոլովակներ դիտելու համար, ապագայում այս բովանդակությունից օգտվելու ավելի մեծ մտադրություն ունեն։ Սակայն ո՛չ մոտիվացիայի առկայությունը, ո՛չ տեխնոլոգիաների նկատմամբ դրական վերաբերմունքը չեն հանգեցրել ֆիզիկական ակտիվության իրական աճի։

«YouTube-ում սպորտային բովանդակության օգտագործման մոտիվացիան և տեխնոլոգիաների ընդունումն ավելացնում են տեսանյութերի հետ փոխգործակցելու օգտատերերի մտադրությունը։ Սակայն այս գործոնները անմիջականորեն չեն վերածվում սպորտին փաստացի մասնակցության», — նշել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Յոնհո Կիմը։ Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու համար թվային բովանդակությունը պետք է համալրել գործնական գործառույթներով՝ հասկանալի մարզումների պլաններով, մոտակա մարզական օբյեկտների հղումներով և սոցիալական աջակցության այլ գործիքներով։ Սա կօգնի դիտողներին պասիվ դիտումից անցնել իրական գործողությունների։

YouTube-ը վաղուց դարձել է ֆիթնեսի և սպորտի այլ տեսակների ուսուցողական հոլովակների, ինչպես նաև սպորտային սննդի վերաբերյալ խորհուրդների գլխավոր հարթակը։ Երիտասարդները հաճախ նման տեսանյութեր են դիտում զվարճանքի, սոցիալական փոխազդեցության կամ սպորտային հույզերի անուղղակի ապրումի համար։ Այնուամենայնիվ, թվային միջավայրը հաճախ միայն նմանակում է սպորտին առնչվածությունը՝ դիտողին թողնելով էկրանների առաջ։