2018-ին, երբ եկաք իշխանության, «Զինապահ» հիմնադրամին 1000 դրամ վճարողները, այսինքն գրանցված աշխատողները 520 հազար էին, մի քանի ամիս անց այդ թիվը 601 հազար էր, որը ողջունելի է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Բայց 2026–ին պատկերը դառնում է անհասկանալի։ Այս տարվա հունիսին կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ աշխատատեղերի թիվը 829 հազար է։ Ես ՊԵԿ–ին դիմել եմ դրոշմանիշային վճարներ վճարողների քանակը պարզելու համար, պարզվում է, որ այդ թիվը 765 հազար է։ Եթե 75 հազար նվազագույն աշխատավարձի շեմը վերցնում ենք, և փորձում ենք դրանից գոյացող հարկերը հաշվարկել, ստացվում է, որ բյուջե չի մուտքագրվում 1 մլրդ 277 մլն դրամ։ Ընդ որում, ավելի բարձր աշխպատավարձի և դրոշմանիշային վճարի պարագայում միտումնավոր չեմ հաշվել՝ հոգուտ կառավարության։ Ես, իհարկե, չեմ համարձակվի կասկածել ձեր կառավարության պաշտոնական թվերին և ենթադրել, որ 64 673 աշխատատեղպարզապես ավելացվել է գեղեցիկ վիճակագրություն ստանալու համար։ Որտե՞ղ է ամեն ամիս կորում այդ 64 673 աշխատատեղերից առաջացող շուրջ 1,2 մլրդ դրամը, և ինչու այն չի արտացոլվում համապատասխան վճարների մեջ»,–ասաց նա։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վիճակագրությունը աշխատատեղերի մասին է, այն աշխատողների մասին չէ։ Որովհետեւ մարդիկ կան, որ աշխատում են երկու տեղ։ Իսկ ամեն աշխատող մի անգամ է վճարում զինծառայողների ապահովության հիմնադրամին։
Ինչ վերաբերում է հարկերին, օրինակ 2026 թվականի օգոստոսին, այո, Հայաստանում գրանցվել է 830 417 աշխատատեղ, որը բոլոր ժամանակների պատմական ռեկորդն է։ Եվ վճարված վճարված եկամտային հարկը կազմել է 55 միլիարդ դրամ։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ օրինակ 2017–ի օգոստոսի արդյունքներով վճարված եկամտային հարկը կազմել է 22 միլիարդ դրամ։ Այսինքն եկամտային հարկի կրկնակիից ավել աճ է տեղի ունեցել, և սա այն պայմաններում, երբ մենք եկամտային հարկը նվազեցրել ենք։ Այսինքն 64 հազար մարդ աշխատում է նաև երկրորդ տեղը»։
Մեսրոպ Մանուկյանը հստակեցրեց, որ ՊԵԿ–ին ուղղած իր հարցը տվել է հարկ վճարողների վերաբերյալ. «Այս մարդիկ ոչ միայն դրոշմանիշային վճար են վճարում, այս մարդիկ վճարում են եկամտահարկ, սոցվճար, և ներկայացված հաշվարկը դրանց հանրագումարն է։ Ընդ որում, այստեղ ներառված չեն ոչ նոտարները, ոչ անհատ ձեռներեցները, որոնք դրոշմանիշային վճարը վճարում են տարվա վերջին։ Այսինքն, ՊԵԿ-ը հստակ պատասխանել է, այս փուլում կա գրանցված այսքան աշխատատեղ, ոչ թե աշխատող, որոնք վճարում են հարկ։ Այս հաշվարկի տրամաբանությամբ բյուջե ամսական 1.2 մլրդ դրամ մուտք չի լինում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց բարձրաձայնելով Մեսրոպ Մաշտոցի կողմից առաջինը հայերեն, թարգմանված առակաց գրքից մի հատված. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստուն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ»։
Փաշինյանի խոսքին հաջորդեցին ՔՊ–ականների ծափահարությունները։




























