Երևանն ու Բաքուն շահագրգռված են անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում։ Ազգային ժողովի հոկտեմբերի 7-ի նիստում պատգամավորների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել էր Ադրբեջանի նախագահի և Պետական անվտանգության ծառայության պետի հայտարարություններով, որոնց համաձայն՝ Հայաստանը պետք է համագործակցի Բաքվի հետ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հարցում։

Պատգամավորի նկատառմամբ՝ հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ այս լուրը ներկայացրել են որպես «Բաքվի նոր պահանջ»։

Արձագանքելով՝ Միրզոյանը շեշտել է, որ որևէ պահանջի մասին խոսք լինել չի կարող, քանի որ անհետ կորածների խնդրի լուծմամբ շահագրգռված են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն էլ ունի անհետ կորածներ։

«Անհետ կորածների ճակատագրի պարզումը և պահվող անձանց ազատ արձակումը մի թեմա է, որը մշտապես գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։