Շատ տնային կատուներ ունեցող երկրներում երջանկության մակարդակն ավելի բարձր է: Նման օրինաչափություն է հայտնաբերել Մեքսիկայի Ռամոն դե լա Ֆուենտե Մունյիսի անվան Հոգեբուժության ազգային ինստիտուտից Խավիեր Բորրաս-Լեոնի ղեկավարած միջազգային հետազոտական խումբը: Աշխատանքը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Գիտնականները համադրել են 93 երկրների բաց տվյալները՝ բնակչության երջանկության ցուցանիշները, ընտանի կատուների խտությունը և Toxoplasma gondii մակաբույծով վարակվածության մակարդակը․ այն բազմանում է կատվազգիների օրգանիզմում և ընդունակ է ազդել մարդու վարքագծի վրա: Պարզվել է, որ որքան շատ են երկրում կատուները, այնքան բարձր է երջանկության միջին մակարդակը, իսկ որքան բարձր է տոքսոպլազմոզով վարակվածությունը, այնքան այն ցածր է: Ընդ որում, անսպասելիորեն, մեծ թվով կատուներ ունեցող երկրներում մակաբույծով վարակվածության մակարդակը, ընդհակառակը, ավելի ցածր է եղել:

Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը երկրների մակարդակով փոխկապակցվածությունների մասին է, այլ ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապի: Ամենայն հավանականությամբ, զգալի դեր է խաղում բարեկեցությունը․ ավելի հարուստ պետություններում ավելի լավ են զարգացած անասնաբուժությունը, սանիտարիան և կենդանիների խնամքը: Հենց սա էլ կարող է բացատրել միաժամանակ թե՛ խնամված կատուների մեծ թիվը, թե՛ վարակի ցածր տարածվածությունը, և թե՛ երջանկության ավելի բարձր մակարդակը: Այլ կերպ ասած՝ կատուները կարող են լինել ոչ թե երջանկության պատճառը, այլ դրա ուղեկիցը: