Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը մերժել է արհեստական բանականության ոլորտի հետազոտողների այն կանխատեսումները, թե տեխնոլոգիայի զարգացումը արդեն առաջիկա տարիներին կարող է հանգեցնել մարդկության կործանմանը։

CBS News-ին տված հարցազրույցում նա նման նախազգուշացումները անվանել է չափազանցված, «Ահեղ դատաստանի» սցենարներ։

«2030 թվականը աշխարհի վերջը չի դառնա։ Այն, որ դա կլինի աշխարհի վերջը, հավանականությունը զրոյական է», — հայտարարել է Հուանգը։ Ըստ նրա, նման կանխատեսումներով մարդկանց վախեցնել «պետք չէ» և «անպատասխանատու գործ է»։

Հուանգը արձագանքել է Anthropic-ի նախկին հետազոտող Ջեյքոբ Քոքսոնի վերջին հայտարարություններին, որը պնդել էր, թե ԱԲ մշակողները լրջորեն հնարավոր են համարում մարդկության կործանումը մինչև տասնամյակի ավարտը։ Այս խոսքերը քննարկումներ էին առաջացրել ԱԲ-ի առաջադեմ մոդելների զարգացման ռիսկերի շուրջ։ Տեխնոլոգիական ընկերությունների մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, ավելի վաղ կոչ էին արել տեխնոլոգիայի զարգացման նկատմամբ ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել։

Nvidia-ի ղեկավարը հայտարարել է, որ համաձայն չէ նման կանխատեսումների հետ, քանի որ, իր կարծիքով, դրանք «հիմնված չեն գիտության վրա»։

Միևնույն ժամանակ Nvidia-ն անմիջականորեն շահագրգռված է ԱԲ-ի զարգացման մեջ․ նրա մասնագիտացված պրոցեսորներն օգտագործվում են խոշոր լեզվական մոդելների աշխատանքի համար։ Ըստ Հուանգի, ԱԲ-ի անվտանգ ներդրումը բխում է հենց ընկերության շահերից, քանի որ տեխնոլոգիաների հետ կապված ցանկացած խնդիր կարող է բացասաբար ազդել դրա արժեքի վրա։

Հուանգը նաև հանդես է եկել ոլորտի համար նոր լայնածավալ սահմանափակումների ներդրման դեմ։ Նա հայտարարել է, որ վնասի համար պատասխանատվությունը և համակարգչային համակարգերին չարտոնված մուտքը կարգավորող գործող ամերիկյան օրենքները բավարար են ԱԲ-ի հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծելու համար։

Առանձին Nvidia-ի ղեկավարը խոսել է ԱՄՆ-ի և Չինաստանի տեխնոլոգիական մրցակցության մասին։ Ըստ նրա, ամերիկյան ընկերությունները պետք է հնարավորություն ունենան մրցակցելու համաշխարհային շուկայում, թեև Չինաստանի հետ համագործակցությունն անհնար է ազգային անվտանգության և պաշտպանության հետ կապված որոշ ոլորտներում։ Սեպտեմբերի 24-ին Հուանգը պետք է մասնակցի Սպիտակ տանը կայանալիք ընթրիքին, որը Դոնալդ Թրամփը կանցկացնի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պատվին։ Հուանգը հայտարարել է, որ կցանկանար Սիի հետ քննարկել ԱԲ-ի զարգացման գլոբալ չափորոշիչների ստեղծման հնարավորությունը։

Հարցազրույցում նա նաև անդրադարձել է տվյալների մշակման կենտրոնների կառուցմանը, միլիարդատերերի հարկմանը և սեփական պատմությանը։ Հուանգը հայտարարել է, որ չի վախենում բարձր հարկեր վճարելուց՝ միլիարդավոր դոլարներ վճարելու հնարավորությունն անվանելով «արտոնություն և պատասխանատվություն»։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է մոտ 182 միլիարդ դոլար։