Լեհաստանը երկրի արևելքում ընդլայնում է ահազանգման համակարգը՝ լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա ռուսաստանյան հարվածների ֆոնին։ Այդ մասին շաբաթ օրը Լյուբլինում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին, հաղորդում է ՌԱՊ-ը։

Ըստ նախարարի, Ռուսաստանը փոխել է մարտավարությունը, և սահմանի մոտ գտնվող սահմանային անցակետերն ու ենթակառուցվածքի այլ օբյեկտները գնալով ավելի հաճախ են ենթարկվում հարվածների ռեակտիվ անօդաչու սարքերի և հրթիռների միջոցով։ Նա հայտնել է, որ իշխանությունները մեծացնում են այն միջոցների կիրառումը, որոնք նախատեսված են նման սպառնալիքներին հակազդելու համար։

Կերվինսկին նշել է, որ 2024 թվականի սկզբին տարածաշրջանում կար մոտ 30 շչակ, որոնք հնարավոր էր միացնել հեռավար կերպով։ Այժմ դրանց թիվը հասել է գրեթե 350-ի։

Համակարգի ընդլայնումը տեղի է ունենում Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտների վրա մի շարք հարվածներից հետո, որոնց հետևանքները զգացվել են Լեհաստանի սահմանամերձ շրջաններում։ Հինգշաբթի Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը, իսկ լեհական և ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել էին օդ՝ տարածաշրջանի օդային տարածքը պաշտպանելու համար Ուկրաինայի արևմուտքի վրա Ռուսաստանի լայնածավալ օդային հարձակման ժամանակ։

Ավելի ուշ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր Դորոհուսկ սահմանային անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղի ունեցած հզոր պայթյունի մասին։ Ըստ նրա, դա տեղի էր ունեցել ուկրաինական բենզալցակայանի ուղղությամբ ռուսաստանյան հրթիռի հարվածից հետո։

Մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին․ ռուսաստանյան անօդաչու սարքը հարվածել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկաթուղային կայարանում կանգնած մարդատար գնացքի լոկոմոտիվին՝ Լեհաստանի սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Հարձակումը խափանել է տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության աշխատանքը։ Հարվածից քիչ առաջ կայարանից մեկնել էր դիվանագիտական գնացք՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներով։

Լեհական իշխանությունները շեշտում են, որ երկու դեպքում էլ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։

Սակայն հարվածների երկրի տարածքին մոտ լինելը մեծացրել է Վարշավայի մտահոգությունը արևելյան շրջանների և այնտեղ գտնվող ենթակառուցվածքների համար առկա ռիսկերի կապակցությամբ։