Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին սխալ է անվանել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունը, թե ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը երկու տարի անց իբր կկորցնի իր նշանակությունը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Նկատի ունեմ՝ գուցե դա նրա կարծիքն է։ Ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ է», — կիրակի Նյու Յորքում կայացած Կատարի տնտեսական ֆորումում հայտարարել է ալ-Քաաբին։
Ավելի վաղ Բեսենթն ասել էր, որ առաջիկա երկու տարում Հորմուզի նեղուցի նշանակությունը կարող է էապես նվազել։ Նրա գնահատականը կապված է նավթի և գազի մատակարարման այլընտրանքային ուղիների զարգացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության՝ այս ջրային ճանապարհով էներգակիրների փոխադրումից հնարավոր կախվածության նվազման հետ։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ համաշխարհային էներգակիրների առևտրի կարևորագույն ուղիներից մեկը։ Դրանով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների զգալի մասը, իսկ դրա կայուն գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի համար։
Ալ-Քաաբին չի համաձայնել այն ենթադրության հետ, թե նեղուցը շուտով կկորցնի իր ռազմավարական նշանակությունը, սակայն չի հստակեցրել, թե, իր կարծիքով, հատկապես որ գործոններն են պահպանելու դրա դերը համաշխարհային էներգետիկայում։





























