ԱՄՆ-ի Դելավեր նահանգում 74-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որսի ժամանակ մահացու կրակոց էր արձակել կնոջ ուղղությամբ, հայտնում է NBC News-ը։
Նահանգի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը հայտարարել է, որ նրան եղջերուի տեղ է դրել։
Մերիլենդ նահանգի Սոլսբերի քաղաքից Ուոլթեր Մուրհեդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ուրբաթ երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել Էլենդեյլ քաղաքում բաց դաշտում հրազենային վիրավորում ստացած կնոջ մասին։
Ոստիկանները տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Կիրակի օրը ոստիկանությունը հայտնել է զոհվածի ինքնությունը՝ Դելավեր նահանգի Ջորջթաուն քաղաքից 39-ամյա Սանտոս Մարիա Չիլել Սոտո։
Քննության տվյալներով, Չիլել Սոտոն դաշտում գտնվել է մի տղամարդու և երկու երեխաների հետ, երբ Մուրհեդը կրակ է բացել։ Ոստիկանության վարկածով, նա որս էր անում քողարկված ապաստարանից և կարծել էր, թե եղջերու է նկատել։ Դրանից հետո տղամարդը հրացանից կրակել է՝ դիպչելով կնոջը։
Մուրհեդին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության, անփութությամբ վտանգ ստեղծելու և ծանր հանցագործություն կատարելու ընթացքում հրազեն ապօրինի կիրառելու համար։
Ձերբակալությունից հետո տղամարդուն ազատ են արձակել 43 հազար դոլար գումարի չափով գրավի դիմաց, հայտնել են ոստիկանությունում։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննել մահացու կրակոցի հանգամանքները։




























