Գերմանական Ռատենով քաղաքում, Բրանդենբուրգ երկրամասում, ոստիկանությունը բազմաբնակարան շենքի նկուղում զենք և զինամթերք է հայտնաբերել, հաղորդում է Der Spiegel-ը։
Շաբաթ օրը մոտակա բնակարանների բնակիչներին տարհանել են, որից հետո մասնագետները դուրս են բերել հայտնաբերված զինամթերքն ու վերահսկվող պայթյուն իրականացրել։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, խոսքը վերաբերում է զենքի և զինամթերքի «երկնիշ թվի ստորին սահմաններում» քանակի։ Հայտնաբերված զենքի ճշգրիտ քանակն ու տեսակը իրավապահ մարմինները չեն հստակեցրել։ Ոստիկանության ներկայացուցիչի վկայությամբ, զինամթերքի մեծ պահեստ չի հայտնաբերվել։
Սկզբում ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ զենքն ու զինամթերքը պահվում են ոչ պատշաճ ձևով։ Հետագայում կասկածները հաստատվեցին։
Շաբաթ օրվա երկրորդ կեսին մի քանի տների բնակիչներին խնդրել են ժամանակավորապես լքել իրենց բնակարանները։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ պահին պարզ չէր, թե արդյոք հայտնաբերված զինամթերքը վտանգ էր ներկայացնում։
Մասնագետները հայտնաբերված առարկաները դուրս են բերել շենքից, ինչից հետո իրականացրել են վերահսկվող պայթյուն։ Ոստիկանությունը չի հայտնել, թե ում էին պատկանում զենքն ու զինամթերքը, ինչպես նաև չի բացահայտել հետաքննության այլ մանրամասներ։





























