Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Նյու Յորք առաջիկա այցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կմասնակցի մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և, ինչպես ինքն է ակնկալում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է Novosti-ն։
Վուչիչը նշել է, որ ակնկալում է շուտով հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդես գալով Radio Beograd-ի եթերում՝ Սերբիայի նախագահը այցի գլխավոր թեմաներից մեկն անվանել է Կոսովոյում և Մետոհիայում սերբերի վիճակի ու անվտանգության հարցը։ Վուչիչը հայտարարել է, որ մտադիր է Նյու Յորքում պաշտպանել Սերբիայի դիրքորոշումը և բարձրացնել այն հարցերը, որոնք Բելգրադը կարևոր է համարում երկրի համար։
Խոսելով միջազգային իրավիճակի մասին՝ Վուչիչը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը գնալով ավելի ծանր է դառնում, իսկ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների հիմնական պատճառները դեռևս վերացված չեն։ Ըստ նրա, այդ խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում։
Վուչիչն առանձնահատուկ անդրադարձել է Սերբիայի և Ռուսաստանի հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Բելգրադը պետք է շարունակի Մոսկվայի հետ բանակցությունները գազի մատակարարումների և NIS նավթային ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սերբիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ գործող գազային պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և որ ինքը Նյու Յորքում ակնկալում է հանդիպել Լավրովի հետ։
«Ակնկալում եմ, որ Նյու Յորքում կտեսնեմ Լավրովին, և նաև հավատում եմ, որ շուտով հեռախոսազրույց կունենամ Պուտինի հետ»,- ասել է Վուչիչը։
Միևնույն ժամանակ Սերբիայի նախագահն ընդգծել է երկրի էներգամատակարարման կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա, Սերբիայի գազային պաշարները լրացված են մոտ 690 մլն խորանարդ մետրով, մինչդեռ նավթի հետ կապված իրավիճակը մնում է ավելի բարդ։
Վուչիչը նաև հայտարարել է, որ Սերբիան չի ցանկանում միանալ ռազմական ճամբարներին և մտադիր է խուսափել հակամարտությունների մեջ ներքաշվելուց։ Նա ընդգծել է տարբեր երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պահպանման կարևորությունը։





























