Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան դեսպանությունները ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել են տարածաշրջանում հակամարտության հնարավոր անկանխատեսելի սրման մասին և կոչ են արել պահպանել բարձր զգոնություն, հայտնում է CBS News-ը։

«Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ բարդ, կա անկանխատեսելի սրման հավանականություն», — ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախազգուշացումներում, որոնք տարածվել են ամերիկյան դիվանագիտական առաքելությունների կողմից։

Հաղորդագրություններում կոնկրետ սպառնալիք չի նշվում, սակայն ամերիկացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգոնություն և հաշվի առնել ավիաչվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և ճանապարհորդությունների հետ կապված այլ խափանումների հնարավորությունը։

Նախազգուշացումներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև վերսկսված ռազմական գործողություններին։ Պետդեպարտամենտը նշել է, որ կողմերի միջև ռազմական հակամարտությունը կարող է արագ սրվել։

Նախազգուշացումը հայտնվել է շաբաթ օրը հութիների կողմից Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակումից հետո։ Հութիների դեմ կռվող կոալիցիոն ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգը որսացել է Էր Ռիյադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։ Սաուդյան իշխանությունները նաև հաղորդել են այլ հարձակումների մասին։

Հարձակումներից հետո Էր Ռիյադում Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի շրջանում նկատվել են փայլատակումներ և ծխի սյուն։ Հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան մայրաքաղաքի օբյեկտներին և Յանբուում Saudi Aramco նավթային ընկերության ենթակառուցվածքին։ Յանբուի օբյեկտների վրա հարվածների մասին այս հայտարարությունները անկախ հաստատում չեն ստացել։

Վերջին շաբաթներին Սաուդյան Արաբիայի և հութիների միջև բախումները սրվել են։ Հութիները նաև հայտարարել են սաուդյան նավահանգիստների շրջափակման մասին և ընդլայնել իրենց ներկայությունը Կարմիր ծովի մերձակայքում գտնվող Եմենի տարածքներում, ինչը մեծացնում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում նավարկության ռիսկերը։

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունների նախազգուշացումները հրապարակվել են Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Քուվեյթում, Լիբանանում, Հորդանանում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Կատարում։