Լեհաստանի Պշեմիսլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 56-ամյա մի տղամարդու, որը սոցիալական ցանցերում հրապարակել էր երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութ, հաղորդում է RMF 24-ը։

Ինչպես հայտնել է Պշեմիսլ քաղաքի ոստիկանության մամուլի քարտուղար, ենթահանձնակատար Կարոլինա Կովալիկը, տղամարդուն ձերբակալել են շաբաթ օրը՝ գրառման հրապարակման հաջորդ օրը։ «Ձերբակալվածի հետ իրականացվում են հետագա գործողություններ», — հայտարարել է նա։

Ոստիկանները առգրավել են տեսագրությունը և տղամարդուն պատկանող էլեկտրոնային սարքերը։ Քննիչները վերլուծում են հավաքված նյութերը, որոնք պետք է հիմք դառնան նրան մեղադրանք առաջադրելու համար։

Ոստիկանության տվյալներով, 56-ամյա տղամարդուն նախատեսվում է մեղադրանք առաջադրել արդեն երկուշաբթի։

Լեհ իրավապահ մարմինները նաև ընդգծել են, որ օրենքը խախտող նյութերի հրապարակումը համացանցում դրանց հեղինակներին անանունություն չի ապահովում։

«Համացանցում ոչ ոք անպատիժ չի մնում։ Ոստիկանները արձագանքում են նման դեպքերին և վճռական գործողություններ ձեռնարկում՝ նման նյութերի հեղինակներին բացահայտելու և գործող օրենսդրությանը համապատասխան նրանց պատասխանատվության ենթարկելու համար», — ասվում է X-ում հրապարակված Պշեմիսլի ոստիկանության հաղորդագրության մեջ։