Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը 2025 թվականին ավելացել է 8,2%-ով՝ հասնելով ռեկորդային 3,795 հազարի։ Այս մասին են վկայում մասնավոր կապիտալի ոլորտում հետազոտությունների վրա մասնագիտացած Altrata վերլուծական ընկերության տվյալները։

Սա վերջին հինգ տարվա ամենաբարձր աճի ցուցանիշն է, ինչը Altrata-ն կապում է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի բումի հետ, որն արագացրել է հարստության ավելացումն ամբողջ աշխարհում:

Ընկերության զեկույցում նշվում է, որ համաշխարհային միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 12,8%-ով՝ հասնելով ռեկորդային 15,1 տրիլիոն դոլարի։

Զեկույցի համաձայն՝ աշխարհում հաշվվում է 29 գերհարուստ անհատ (որոնց կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը)։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 4,1 տրիլիոն դոլար, այսինքն՝ միլիարդատերերի ողջ կապիտալի 27%-ը։ Համեմատության համար՝ 2017 թվականին գերհարուստ անձանց թիվն ընդամենը 10 էր, և նրանց բաժին էր ընկնում միլիարդատերերի ընդհանուր կարողության 7,2%-ը։

Altrata-ի հետազոտությունների և վերլուծության բաժնի ղեկավար Մայա Իմբերգի խոսքով՝ ԱԲ ոլորտի բումը նպաստել է միլիարդատերերի միջև կարողությունների ճեղքվածքի մեծացմանը։ Նա զգուշացրել է, որ թեև տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճը հանգեցրել է ռեկորդային հարստության ձևավորմանը, ԱԲ ընկերությունների բաժնետոմսերի հետ կապված կապիտալի դինամիկան կարող է բավականին տատանողական լինել։

Altrata-ի տվյալներով՝ Հյուսիսային Ամերիկայում միլիարդատերերի թիվը 2025 թվականին աճել է 11,6%-ով (ավելի արագ, քան ցանկացած այլ տարածաշրջանում)՝ հասնելով 1337-ի։

Եվրոպայում նրանց թիվն ավելացել է 7,9%-ով՝ հասնելով 1 081-ի, իսկ Ասիայում՝ 6,5%-ով՝ հասնելով 881-ի։