Ինդոնեզիայի երեք օդանավակայաններ, այդ թվում՝ մայրաքաղաքի Սուկառնո-Հատտա միջազգային օդանավակայանը, վերսկսել են աշխատանքը Անակ-Կրակատաուի ժայթքման հետևանքով առաջացած հրաբխային մոխրի պատճառով ժամանակավոր փակվելուց հետո, հաղորդում է Antara գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանների օպերատոր InJourney Airports-ին։

Ընկերության տվյալներով՝ Սուկառնո-Հատտան երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 0։30-ին վերսկսել է չվերթների սպասարկումը։ Ջակարտայի Հալիմ-Պերդանակուսումա օդանավակայանը բացվել է 0։40-ին, իսկ Բանդունգի Հուսեյն-Սաստրանեգարան՝ 0։42-ին։

«Երեք օդանավակայանների թռիչքային և ուղևորային գոտիների ենթակառուցվածքը կրկին պատրաստ է սպասարկել չվերթները։ Ապահովված է նաև ամբողջ օպերացիոն և սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը», - հայտարարել է InJourney Airports-ի ներկայացուցիչ Արի Ահսանուրրոխիմը։

Բացումից առաջ մասնագետները հրաբխային մոխրից մաքրել են թռիչքուղիները, ղեկուղիներն ու կանգառատեղիները։ Թռիչքուղիների ծածկույթի կպչունության հատկությունների ստուգումը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են թռիչքների իրականացման պահանջներին։

Ինչպես ճշտել է Սուկառնո-Հատտա օդանավակայանի գլխավոր մենեջեր Հերու Կարյադին, աշխատանքի վերականգնումն ընթանում է փուլ առ փուլ։ Սկզբնական փուլում կիրառվում է օդային երթևեկության հոսքերի կառավարման համակարգ, որը թույլ է տալիս աստիճանաբար ավելացնել ժամանող և մեկնող ինքնաթիռների թիվը։

Ուղևորներին կոչ են արել օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել չվերթների կարգավիճակը ավիաընկերությունների պաշտոնական ալիքներով, քանի որ ժամանակացույցը կարող է ճշգրտվել։

Անակ-Կրակատաուի ժայթքումը դիտվել է անցած ուրբաթից մինչև երկուշաբթի։ Այն ուղեկցվում է դղրդյունով, տատանումներով և լավայի շատրվաններով։ Արբանյակային տվյալների համաձայն՝ հրաբխային մոխիրը բարձրացել է ծովի մակարդակից մոտ 15 կիլոմետր բարձրության վրա։