Սեպտեմբերի 8-ի գիշերը ռուսական զինուժը բալիստիկ հրթիռներով և հարվածային ԱԹՍ-ներով գրոհել է Կիևը. հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա տվյալներով՝ գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, ևս 10 մարդ վիրավորվել է։ Սոլոմենսկի շրջանում հասցված հարվածի հետևանքով վնասվել են հնգահարկ ու եռահարկ բնակելի շենքեր, ինչպես նաև հրդեհվել է պահեստային տարածքը։ Հրդեհների օջախներ են եղել նաև Դարնիցկի, Պոդոլսկի և Դնեպրովսկի շրջաններում։ Գոլոսեևսկի շրջանում թիրախում է հայտնվել 26-հարկանի ոչ բնակելի շենքը, իսկ պայթյունի ալիքից վնասվել է 16-հարկանի բնակելի շենք։

Բացի այդ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ անօդաչուները հարվածել են Կիևի մարզի Բորիսպոլի և Ֆաստովի շրջաններին՝ թիրախավորելով արդյունաբերական ձեռնարկություններն ու լոգիստիկ համալիրը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքում փրկարարները շարունակում են վերացնել ռուսական գնդակոծության հետևանքներն ու մարել հրդեհները քաղաքի մի քանի հատվածներում։ Հարձակումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա ու Կիև կատարած այցերի ֆոնին, առաջարկել էր օդային ամբողջական զինադադար հայտարարել։ Նա նշել էր, որ Ուկրաինան սեպտեմբերի 5-ից 7-ը հարվածներ չի հասցնի Մոսկվային։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը նույնպես հանձնարարել էր սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին։