Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին որդու հետ գտնվում է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում, որն ինտենսիվությամբ գնդակոծվում է հակառակորդի կողմից:

«Իրավիճակը սովորական է, պարբերաբար կրակոցներ են հնչում. կրակահերթեր են լինում, հետո դադար, հետո երկկողմանի կրակահերթեր, եւ այսպես շարունակ: Ամեն դեպքում գյուղացիների շրջանում խուճապ չկա. իմ տպավորությամբ լուրերում ավելորդ ուռճացվածություն կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Բերքաբեր գյուղը տարհանված չէ, բնակչությունը շարունակում է սովորական առօրյայով ապրել. «Այս պահին էլ մարդկանց հետ նստած զրուցում եմ, բոլորն այստեղ են, միայն մանկահասակ երեխաներին, որոնք վախենում են կրակոցների ձայնից, ուղարկել են բարեկամների տները»:

Պատգամավորին այս պահին անհանգստացնում է միայն Իջեւան-Նոյեմբերյան ավտոմայրուղին, որը ադրբեջանցիների նշանառության տակ է:

«Մենք որ գալիս էինք, մեզ զգուշացրին, որ ճանապարհը վտանգավոր է, լուրեր կային, թե իբր փակ է ճանապարհը, բայց մենք մինչեւ Բերքաբեր հասանք: Ճանապարհին ոստիկանական պոստեր են սահմանված, որոնք քաղաքացիներին զգուշացնում են, որ ճանապարհը վտանգավոր է»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը վերջին օրերին ինտենսիվությամբ գնդակոծվում են: