ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «Կիեւը երկու շաբաթում գրավելու»  վերաբերյալ, կտրվել են համատեքստից եւ այլ իմաստ են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մենաբանելով  «Լա Ռեսբուբլիկա» իտալական թերթի հրապարակումը:

Թերթը մեջբերել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի խոսքերը, որը ԵԽ-ի նիստին պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին: Ըստ թերթի` Բարոզուն հայտարարել է. «Երբ Պուտինին հարցրի Ուկրաինայի սահմանն անցած ռուսական զորքերի մասին, Ռուսաստանի առաջնորդը սկսեց սպառնալիքներ տեղալ»:

«Իրականում դա չէ խնդիրը: Եթե ես ցանկանամ, ապա Կիեւը կգրավեմ երկու շաբաթում», — ՌԴ նախագահի խոսքերն էր մեջբերել Բարոզուն:

Ըստ Ուշակովի` Եվրահանձնաժողովի նախագահի կողմից հեռախոսազրույցի մանրամասները հրապարակելը «սխալ է, դուրս է  դիվանագիտական պրակտիկայի սահմաններից»: «Եթե դա իսկապես արվել է, ապա, ըստ իս, ընդհանրապես անհարիր է լուրջ քաղաքական գործչին», — նշել է Ուշակովը:

«Ասվել են արդյոք այդ խոսքերը, թե ոչ, իմ կարծիքով, այդ արտահայտությունը դուրս է համատեքստից եւ միանգամայն այլ իմաստ է ունեցել», — ընդգծել է Ուշակովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հերթական անգամ հերքել է որոշ լրատվամիջոցների լուրերը` Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի մուտք գործելու մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: