Դաղստանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարար Մարատ Ալիոմարովը Ադրբեջանին մեղադրել է անդրսահմանային Սամուր գետի ռացիոնալ օգտագործման եւ պահպանության մասին համաձայնագրի խախտման մեջ՝ վայրկյանում լրացուցիչ 3 խմ ջուր վերցնելով, հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Կովկասյան հանգույցին»:
Օգոստոսի 1-ին Դաղստանի շրջաններից մեկի մի քանի գյուղապետեր դիմել են Ռուսաստանի եւ Դաղստանի կառավարություններին՝ «Դաղստանի ու Ադրբեջանի միջեւ Սամուր գետի ջրային ռեսուրսների արդարացի բաժանումը» վերականգնելու խնդրանքով: Դաղստանյան լրատվամիջոցները պնդում են, որ հուլիսի կեսից ջրահանգույցից ցածր գետի հունը գրեթե ամբողջապես չորացել է, քանի որ Ադրբեջանը ջրի մոտ 90%-ն օգտագործում է:
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից 2010թ. ստորագրված համաձայնագրով, առկա է բացթողում, որը կազմում է 30.5%, իսկ ջրի մյուս մասը` 50/50 հարաբերակցությամբ, կիսվում է երկրների միջեւ: Մեր դիտարկումներով՝ ադբեջանական կողմը էկոլոգիական բացթողման հաշվին վայրկյանում մոտ 3 խմ ջուր է վերցնում: Այժմ էկոլոգիական բացթողումը կազմում է վայրկյանում 5 խմ, այսինքն գետում մնում է ընդամենը 1,5-2 խմ: Մոտ ժամանակներս Սամուր գետի ջրաբաժանման ռուս-ադրբեջանական հանձնաժողովի նիստ կգումարվի եւ այս հարցը կբարձրաձայնվի այնտեղ», - հայտարարել է Մարատ Ալիոմարովը:
Ինչ վերաբերում է իրավական կարգավորմանը, ապա մինչ օրս գործում է Սամուր անդրսահմանային գետի ռացիոնալ օգտագործման եւ պահպանման մասին համաձայնագիրը: Համաձայնությունը ստորագրվել է 2010թ. սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան այցի ընթացքում:
Ի պատասխան՝ Ադրբեջանը հերքում մեղադրանքը. «Ադրբեջանը ամենից շատ է շահագրգռված Սամուր անդրսահմանային գետի պահպանմամբ եւ մաքրությամբ», - հայտարարել է Ադրբաջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության բնապահպանական քաղաքականության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի ղեկավար Մութալիմ Աբդուլհասանովը:
Աբդուլհասանովի խոսքով՝ Սամուրը Ադրբեջանի խոշոր գետերից մեկն է, որի ջրերն օգտագործվում են ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մի շարք քաղաքների, այդ թվում՝ Սուբգաիթ եւ Բաքու, խմելու ջրի ապահովման նպատակով: Ուստի Ադրբեջանի համար շատ կարեւոր է այդ գետի էկոլոգիական վիճակը: Դրանից ելնելով՝ Ադրբեջանի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները անհիմն ենք համարում», - հայտարարել է Աբդուլհասանովը:





























