ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես կմասնակցի Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

«Մեկնում եմ Ուելս՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ հավելելով հեշթեգ «խաղաղություն Լեռնային Ղարաբաղում» (#Nkpeace):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուորլիքը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում չէր բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիա: Նա կմասնակցի Աֆղանստանում առաքելության անդամ երկրների ղեկավարների ու վարչապետների հանդիպմանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը ոչ հերքել, ոչ հաստատել էր Ադրբեջանի նախագահի հետ հաջորդ շաբաթ Ուելսում հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը: