Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինյան կողմից` Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա հուլիսին Արգենտինա կատարած պաշտոնական այցի արդյունքներին: Քննարկվեցին երկու երկրների միջեւ գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարերը, մի շարք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: