Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձեւի ընդունումը, որը  «քաջալերում եւ սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ եւ անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի նախօրեին ընդունված այս բանաձեւը ողջունում է իրավական պետության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ԼՂՀ ջանքերը: Իր տնտեսական հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Կալիֆորնիայի քվեարկությունը ցույց է տալիս, որ Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է, քանի որ այս ժողովրդավարական պետությունը այլեւս չի կարող կցվել Ադրբեջանին, որը մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունների կողմից համարվում է բռնատիրական»:

Շրջանակը Ֆրանսիային կոչ է անում` Հանրապետության արժեքներին հավատարիմ լինելով, հետեւել Կալիֆորնիայի օրինակին: