Թող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սկզբում լուծի Իսրայելում ձախողման հարցը, «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետության» հարցը, Ուկրաինայում իրավիճակը եւ միայն հետո անդրադառնա Ղարաբայան խնդրին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով Քերրիի Հայաստան այցելելու ցանկությանը եւ ԼՂ հարցում ԱՄՆ հնարավոր ակտիվացմանը:

Միհրանյանի խոսքով՝ Քերրին վստահություն չներշնչող ֆիգուր է: «Ժամանակին նա սենատոր էր, անգամ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից, բայց որպես դիվանագետ, ցավոք, վերջին ժամանակներս նա որեւէ հաջողություն չի արձանագրել: Որտեղ այցելել է, իրավիճակը վատացել է: Կարող է, նա ինչ-որ տեղ հաջողության հասնի, նո՞ր գա Հայաստան: Թե չէ այստեղ էլ կարող է նպաստել իրավիճակի վատթարացմանը»,-ասել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ ԱՄՆ պետքարոտւղար Ջոն Քերրին Հայաստան այցելելու ցանկություն ունի, սակայն կոնկրետ ժամկետները հայտնի չեն: