Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթը հայտարարել է, որ իր երկիրը բալթյան երկրներ եւ Լեհաստան կուղարկի 250-300 զինվոր` «ՆԱՏՕ-ի` իրենց խոցելի համարող դաշնակիցներին ազդանշան տալու» համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Նրանք պետք է իմանան, որ կարող են հույս դնել դաշինքի մյուս անդամների վրա», - նշել է նա հարցազրույցում:
Ըստ վարչապետի` զինվորները բալթյան երկրներում կգտնվեն 90 օր` զորավարժություններին մասնակցելու նպատակով: Դանիան միաժամանակ կապի սպա կուղարկի ՆԱՏՕ-ի Կիեւի գրասենյակ, ինչպես նաեւ GPS սարքավորում` ուկրաինական օդանավերի համար:
Թորնինգ Շմիթը նշել է, որ սա չի նշանակում սպառազինության մատակարարում Ուկրաինա, սակայն խոստովանել է, որ սարքերը «կարող են կիրառվել տարբեր կերպ»: Ըստ նրա` այդ միջոցը համապատասխանում է 1997թ. կնքված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար պայմանագրին:
Դանիայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայի իրադարձությունները դարձան «նոր, սառը պատերազմից հետո անվտանգության առումով ամենավատ միջավայրի» ստեղծման պատճառ եւ Դանիային, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի այլ երկրներին ստիպեցին ավելացնել զորքերը Լեհաստանում եւ բալթյան երկրներում:




























