ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել Ռուսաստանի դեմ «խորը եւ կոշտ» պատժամիջոցների օգտին: Այս մասին նա տեղեկացրել է Ուելսում բարձր մակարդակով կայացած ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո:
Նրա խոսքով, «ոչ ոք չի ցանկանում պատերազմ կամ զինված հակամարտություն՝ այս իրավիճակը շտկելու համար»: «Մենք հավատում ենք, որ լավագույնը կլինի քաղաքական լուծում գտնելը, եւ դրան նպաստելու համար միջազգային հանրությունը պետք է բացասական պատասխան տա այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի միջամտել Ուկրաինայի իրավիճակին»,- դաշինքչի ղեկավարի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ ՏԱԱՍ-ը:
Ռասմուսենը կարծում է, որ անհրաժեշտ կլինի «պատասխանել ավելի խորը եւ կոշտ պատժամիջոցներով, որոնք վնաս կհասցնեն ռուսական տնտեսությանը եւ ապագայում կմեկուսացնեն Ռուսաստանին»:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են «Ուկրաինայի վերաբերյալ իրենց քաղաքական պահանջներն ուժեղացնել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներով»: Սեպտեմբերի 5-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Բրյուսելում քննարկելու է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հարցը:




























